Մեր մասին
՛՛Համակարգիչ յուրաքանչյուր երեխայի համար՛՛ բարեգործական հիմնադրամը հիմնվել է Երևանում 19.07.19 թ.:
Հոգաբարձուների խորհուրդը այս պահին կազմված է երեք անդամից: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է՝ Հիմնադրամի հիմնադիր՝ Յուրա Սողոյանը:
Հիմնադրամը չի հետապնդում որևէ շահույթ: Ողջ աշխատանքը կապված Հիմնադրամի գործունեության հետ կատարվում են կամավորների կողմից հասարակական հիմունքներով:
Մենք ծրագրում ենք կատարել նվիրատվություններ դպրոցներին, սերտ համագործակցելով ԿԳՄՍ և Արցախի ԿԳՍ նախարարությունների հետ:
Մենք ցանկանում ենք ներդնել մեր մտավոր, ֆիզիկակական և ֆինանսական հնարավորությունները, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում ապահովվենք ժամանակակից համակարգիչներով Հայաստանի բոլոր այն դպրոցները, որտեղ դեռևս չկան համակարգիչներ կամ դրանք շատ հին են:
Մենք համոզված ենք, որ՝
- Մեր երկիրը կլինի այնքան հզոր և անվտանգ, որքան կրթված և զարգացած կլինեն նրա ապագա սերունդները:
- Անհատի, և ըստ այդմ հայ ժողովրդի կենսակերպը կլինի այնքան բարձր, որքան բարձր կլինեն նրա կրթվածությունն ու գիտակցությունը:
- Իրավունքների գիտակցումն ու հնարավորությունների ընդլայնումը և դրանք պաշտպանելու ունակությունը անհատի կողմից հանդիսանում է ժամանակակից քաղաքացիական հասարակություն կառուցելու կարևորագույն անկյունաքարը:
- Քաղաքացիական հասարակությունն է այն գրավականը և երաշխիքը, որը կապահովի մեր երկրի շարունակական զարգացումը և ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական պետության ստեղծումը:
Ահա այս գիտակցությամբ ենք մենք ձեռնամուղ եղել այս բարեգործական հիմնադրամի ստեղծմանը:
Նվիրաբերվող համակարգիչների չափորոշիչները, ընդունվել են ԿԳՄՍ նախարարության ՛՛Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի՛՛ հետ համատեղ որոշմամբ: Առաջիկա տարիների ընթացքում, այս համակարգիչները թույլ կտան ողջ ծավալով կատարել կրթական ծրագրով նախատեսված աշխատանքները: Հետագայում այս չափորոշիչները ավելի կբարձրանան:
Հիմնադրամի հիմնադիրը որդեգրել է սկզբունք, որ անձնապես տանը և աշխատավայրում չի օգտագործի համակարգիչներ, որոնք չափորոշիչներով գերազանցում են նվիրաբերվող համակարգիչներին։